Մուրմանսկի շրջանի դատարանը բանակը «վարկաբեկելու» գործով տուգանել է Ուկրաինայի քաղաքացի Վասիլի Յովդիին՝ YouTube-ում հավանումների համար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքում, ինչպես նշում է «Верстка»-ն։ Դա առաջին նման դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Յովդին «իր բնակության վայրում գտնվելիս», իր հեռախոսից մուտք է գործել YouTube և տեսանյութերի տակ «հաստատող մեկնաբանություններ՝ հավանումների տեսքով արձագանքներ» է թողել: Թե կոնկրետ որ տեսանյութերի մասին է խոսքը, չի նշվում։ Հայտնի է միայն, որ դրանցից մեկը նվիրված է եղել քիմիական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ Իգոր Կիրիլովի մահվանը, ինչպես նաև, որ մի քանի տեսանյութերի հեղինակները «օտարերկրյա գործակալներ» են եղել։ Դատավճռից երևում է, որ Յովդիայի դեմ գործը բացվել է Անվտանգությնան դաշնային ծառայությանն առընթեր սահմանապահ վարչության կողմից Ալակկուրտի գյուղի ստուգումից հետո։ Մասնավորապես, հատուկ ծառայության աշխատակիցը խուզարկել է ուկրաինացու հեռախոսը և հայտնաբերել YouTube-ի հաշիվը, որտեղ «հավանած» կատեգորիայի 139 տեսանյութ է հայտնաբերվել։

Ինքը՝ Յովդին, դատավարությանը չի ներկայացել, սակայն իր բացատրության մեջ իբր խոստովանել է, որ ինքն է հաշվի ադմինիստրատորը և ինքնակամ հավանել է տեսանյութը։ Միևնույն ժամանակ նա գիտեր, որ տեսանյութերից մեկի հեղինակը «ուկրաինացի քարոզիչ» է, և որ «Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանգնած են Կիրիլովի սպանության հետևում»։ Դատարանի որոշման մեջ ասվում է նաև, որ նա «զղջում է» և «չի աջակցում Ուկրաինայի ներկայիս ռեժիմին»։

Դատարանը Յովդիի գործողությունները որակել է որպես «հրապարակային» և նրա նկատմամբ սահմանել 30 հազար ռուբլու չափով տուգանք։ Ընդ որում, YouTube-ում տեսանյութերի հավանումները տեսանելի են միայն հաշվի սեփականատիրոջը, սակայն դրանք այլ օգտատերեր չեն տեսնում:

«Առաջին բաժնի» նախագծի իրավաբան Եվգենի Սմիրնովը նշել է, որ նախկինում նման դեպքերի մասին չի լսել։ Ըստ նրա՝ դատարանն իր որոշման մեջ, ի տարբերություն այլ գործերի, չի պարզաբանել, թե հատկապես որտեղ է երևում բանակի «վարկաբեկում»։ Փոխարենը, դատավորը եզրակացրել է, որ եթե տեսանյութը տարածել է «օտարերկրյա գործակալը», ուրեմն այն «վարկաբեկիչ է»։

«Դատարանը այստեղ նաև մի հետաքրքիր կոնստրուկտ՝ «հավանել»-ու ձևով մեկնաբանություն է հորինել: Ես ինքնին «հավանելը» որպես ՌԴ զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված հրապարակային գործողություններ չեմ համարում: Մարդը որևէ անձնական կարծիք չի հայտնել, տեղեկություն չի տարածել»,- ասում է Սմիրնովը:

Դատարանի վճռից հայտնի է դառնում, որ Յովդին Ռուսաստանում բնակվելու թույլտվություն ունի։ Ավելի վաղ նա Ռուսաստանում չէր դատվել վարչական գործերով։ Յովդիայի «ВКонтакте» պրոֆիլում նշվում է, որ նա 72 տարեկան է։ Վերջին անգամ նա համացանցում է եղել մոտ մեկ ամիս առաջ: