Այսօր` փետրվարի 12-ին ՏԻՄ ընտրություններ են նաեւ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, որը հայտնի է որպես «Գեներալ Մանվելի»` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղ:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, գյուղում գրանցված են 2908 ընտրողներ, որոնք քվեարկում են երկու տեղամասերում: Այս պահին դրությամբ արդեն ընտրողների աննախադեպ հոսք է գրանցվել:
Թիվ 20/01 ընտրատեղամասում գրանցված 1434 ընտրողներից ժամը 18-ի դրությամբ մասնակցել է 1035 ընտրող, իսկ թիվ 20/02 ընտրատեղամասում` 1475 ընտրողներից հազարը: Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ սովորաբար ընտրություններին մասնակցում է 800-900 ընտրող, եւ նման հոսք իրենք երբեւէ չեն տեսել:
Գյուղում նաեւ բազմաթիվ ոստիկաններ կան` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանի գլխավորությամբ:
Ի դեպ, գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, գյուղապետի տեղակալ Գագիկ Շահգելդյանը թեկնածու Զարզանդ Գրիգորյանի վստահված անձն է, ինչը ԸՕ խախտում է: Մեր թղթակիցը հայտնեց, որ վերջինս նստած էր ընտրատեղամասում եւ հրաժարվում էր գնալ գյուղապետարան եւ կնքել ընտրացուցակներից դուրս մնացած գյուղացիների տեղեկանքները: Ընտրողներից մի քանիսը բողոքել են ԿԸՀ, եւ գյուղապետի տեղակալը ստիպված է եղել կատարել իր պարտականությունները:
Նշենք, որ Արշալույս գյուղում գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին աջակցում են նրա եղբայրները` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու կորպուսի փոխհրամանատար Արթուր Գրիգորյանը, իսկ նրա մրցակցին` Գրիգոր Գրիգորյանին` գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջինս Զարզանդ, Հրանտ եւ Արթուր Գրիգորյանների հորեղբայրն է:




























