Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի շուրջ քննարկումները, այս անգամ Ալավերդիում` կուսակցության ակտիվի, տեղի մտավորականության եւ ակտիվ հասարակական զանգվածի հետ:

ՀՀԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը ներկայացրել է տնտեսության, մասնավորապես, արդյունաբերության, սոցիալական ոլորտներում, կրթության, առողջապահության բնագավառներում, տարածքային համաչափ զարգացմանը, կառավարման եւ այլ համակարգերում նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները:

«Մենք պարտավոր ենք իրականացնել փոփոխություններ, որոնք բարելավելու են քաղաքացու կյանքը: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի ստեղծենք նոր եւ ժամանակակից աշխատատեղեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով`նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը մրցունակ կրթական համակարգ ստեղծելն է, առանց որի զարգացած պետություն կառուցել հնարավոր չի լինի: «Դա նշանակում է, որ կրթական ոլորտը մեր թիրախային ուղղություններից է: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիների համար, այսինքն, պետությունն իր վրա է վերցնելու 12-ամյա կրթական ծրագրի, ինչպես նաեւ  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման ֆինանսավորումը»,- ասել է կառավարության ղեկավարը: Նա նշել է, որ բուհերը պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Այդ նպատակով էլ հայաստանյան առնվազն 5 բուհ անցնելու է միջազգային հավաստագրում: Բացի այդ,  «Լույս» հիմնադրամը շարունակելու է աշխարհի լավագույն համալսարններում ուսում ստացող ուսանողների կրթական ծրագրերի ֆինանսավորումը; Նախատեսվում է, որ այդ ուսանողների թիվը ներկայիս 150-ի փոխարեն կհասնի 300-ի:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն առաջարկեց ալավերդցիներին ներկայացնել բնապահպանական խնդիրների լուծման շուրջ առաջարկություններ, որոնց հիման վրա էլ կկազմվի ՀՀԿ բնապահպանական ծրագիրը: «Մի կողմից մենք պետք է խթանենք արդյունաբերության զարգացումը, իսկ մյուս կողմից էլ չպետք է վնաս հասցնենք քաղաքացիների առողջությանը: Պետք է մեր նախընտրական ծրագրում տանք հավասարակշռված մոտեցում այս հարցին»,- ասաց Տիգրան Սարգսյանը, միաժամանակ, առաջարկելով Թեղուտի արդյունաբերական ծրագրի շուրջ Ալավերդիում կազմակերպել քննարկում` բնապահպանների եւ ծրագիրի կազմակերպիչների միջեւ:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած մոտ 50 ալավերդցիների անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսեր եւ շնորհավորել նրանց` ՀՀԿ անդամ դառնալու կապակցությամբ: «Համախմբվելով`մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք հաղթահարելու բոլոր խնդիրներն ու մարտահրավերները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նման հանդիպումների նպատակն է քննարկել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումը, լսել քաղաքացիների ծրագրային առաջարկությունները, որոնք կուսակցության նախընտրական ծրագրի հիմք են հանդիսանալու: