Հրազդանում ժամը 20-ին ավարտվել է ընտրական գործընթացը, փակվել են ընտրատեղամասերը եւ սկսվել է քվեների հաշվարկի գործընթացը:

Քաղաքապետի թեկնածու, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի շտաբից NEWS.am-ին հայտնեցին, որ 3 տեղամասերում անջատել են լույսերը: Մասնավորապես այս պահին անջատված են 25/03, 25/04 եւ եւս մեկ տեղամասերի լույսերը, վստահված անձինք ահազանգում են, որ լույսերի անջատումը միտումնավոր է իրականացվել: 

Նշենք, որ թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին նա սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:

Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:

Նշենք, որ Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է: