Հրազդանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն է տարածել` իր մրցակից Սասուն Միքայելյանի կողմնակիցներին եւ լրատվամիջոցներին մեղադրելով ընտրակեղծիքների մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների վերջին ժամերին թեկնածու Սասուն Միքայելյանի համախոհների կողմից լուրեր տարածվեցին որոշակի ընտրախախտումների, այդ թվում օդում թեւածող «ընտրակաշառքների» վերաբերյալ:
Իհարկե ըմբռնումով ենք վերաբերվում ՀԱԿ-ի եւ վերջինիս թեկնածուի՝ բոլորիս հայտնի ձեռագրին եւ իրենց իսկ սերմանած տեխնոլոգիաներին, սակայն միաժամանակ անհրաժեշտ ենք համարում արձագանքել այդ բանսարկություններին եւ հավուր պատշաճի իրազեկել հարգելի լրատվամիջոցներին.
- Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը պաշտոնապես հերքում է «ընտրակաշառքների» վերաբերյալ լուրերը՝ հիմնվելով նաեւ այն իրողության վրա, որ Ա. Դանիելյանի վստահված անձինք տեղամասերում ֆիքսել են, որ այդ լուրերը բացառապես կառուցված են կասկածների հիման վրա եւ չունեն որեւէ իրական հիմք: Ավելին, գուցե մյուս թեկնածուն է նմանատիպ ընտրակաշառքների փորձեր կատարել եւ այդ ամենը քողարկելու համար վերագրել է ուրիշների:
- Արամ Դանիելյանի վստահված անձը տեղում ականատեսն է եղել նրան, թե ինչպես է Սասուն Միքայելյանի վստահված անձը մեկնաբանություն տալիս լրագրողներին՝ ասելով «Ես փաստեր չունեմ, որ ընտրակաշառք է բաժանվում, պարզապես ինտուիցիայիով ունեմ կասկածանքներ». կարծում ենք այստեղ ամեն ինչ ասված է:
- Հրազդան քաղաքի թիվ 25/04 տեղամասում տեղի ունեցած հոսանքազրկումը, որն ըստ ամենայնի ՀԱԿ-ի եւ Սասուն Միքայելյանի հերթական սադրանքներից մեկն էր, կապ չունի ընտրական գործընթացների հետ:
Եվ թող մեզ ներեն այստեղ անաչառ, օբյեկտիվ ու իրենց գործում արհեստավարժ լրագրողները . հոսանքազրկման գործընթացը նույնպես Ս. Միքայելյանի թիմակիցների եւ իրենց սպասավոր լրատվամիջոցների մտացածին բանսարկություններ. /լրատվամիջոցներ, որոնցից շատերը նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Սասուն Միքայելյանի համար իրականացրեցին ակնհայտ քարոզչություն, իսկ Արամ Դանիելյանի նկատմամբ՝ ակնհայտ հակաքարոզչություն/:
Եվ որպես մեկ զավեշտ հիշեցնենք նաեւ, որ այդ հոսանքազրկման հետ կապված բոլոր պրոցեսները ՀԱԿ-ի եւ նրա յուրայինների բոլոր ժամանակների մենաշնորհային տիրույթում են»:
Նշենք, որ թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին նա սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:
Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:
Նշենք, որ Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է, ընտրություններին մասնակցել է 25 հազար 386 մարդ, կամ գրանցված ընտրողների 57,86 տոկոսը:




























