Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ձայների գերակշիռ առավելությամբ գյուղապետ է ընտրվել հանրապետական, գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով հաղթել է «Գեներալ Մանվելի»` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանած թեկնածուին:

Ինչպես Արշալույսից հայտնում է մեր թղթակիցը, գրանցված 2909 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2074-ը: նախնական տվյալներով, Զարզանդ Գրիգորյանի օգտին քվեարկել է 1460 ընտրող, իսկ անկուսակցական Գրիգոր Գրիգորյանի օգտին` 493 ընտրող: 120 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արշալույսում երկու ընտրատեղամաս կար` թիվ 20/01 եւ 20/02:

Նշենք, որ Արշալույս գյուղում գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին աջակցում են նրա եղբայրները` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու կորպուսի փոխհրամանատար Արթուր Գրիգորյանը, իսկ նրա մրցակցին` Գրիգոր Գրիգորյանին` գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջինս Զարզանդ, Հրանտ եւ Արթուր Գրիգորյանների հորեղբայրն է: