Վոլգոգրադի մարզը փետրվարի 12-ի գիշերը ենթարկվել է հրթիռային գնդակոծության։ Գրոհի հետևանքով Կոտլուբան ավանի մոտ գտնվող ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել։ Սակայն, «հրդեհաշիջման ժամանակ դետոնացիայի վտանգի» պատճառով իշխանությունները որոշում են կայացրել Կոտլուբանի բնակիչներին տարհանել Գորոդիշչեում գտնվող ժամանակավոր տեղավորման կետեր, նշել է Բոչարովը։ «Astra»-ի տվյալներով՝ Վոլգոգրադի մարզում հարվածի տակ է հայտնվել թիվ 57229/51 զորամասը։ Ըստ բաց տվյալների՝ դրա տարածքում է գտնվում ՌԴ ՊՆ Գլխավոր հրթիռահրետանային վարչության (ԳՀՀՎ) զինանոցը։ 2023 թվականի նոյեմբերին ուկրաինական անօդաչու սարքերը երկու անգամ գրոհել են այս ռազմական օբյեկտը։ Հարձակումներից մեկից հետո զորամասում հրդեհվել է փոքր հրաձգային զենքի զինամթերքի պահեստը։
Անցած գիշեր ուկրաինական անօդաչու սարքերի հարվածի տակ է հայտնվել նաև Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքը, հայտնել է մարզի ղեկավար Եվգենի Պերվիշովը։ Նրա տվյալներով՝ հարձակման հետևանքով այրվել է «Մագնիտ» խանութը և վնասվել են մի քանի շենքեր, այդ թվում՝ Արդյունաբերական-տեխնոլոգիական քոլեջը։ Տուժել է երկու մարդ։ Ինչպես գրում է «Astra»-ն, անօդաչուների թիրախը եղել է «Միչուրինսկի «Պրոգրես» գործարան» ԲԲԸ-ն, որը գտնվում է այրված «Մագնիտ»-ի և քոլեջի հարևանությամբ։ Ականատեսների տեսանյութերից մեկում, որն ուսումնասիրել է պարբերականը, երևում է գործարանին հասցված հարվածը։ «Պրոգրեսը» խոշոր արդյունաբերական ձեռնարկություն է, որը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիական մեքենաշինության մեջ։ Մասնավորապես, գործարանը սարքավորումներ է արտադրում ավիացիոն և հրթիռային տեխնիկայի կառավարման համակարգերի համար։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները «որսացել և ոչնչացրել են» ինքնաթիռային տիպի 106 ուկրաինական անօդաչու սարք։ Մասնավորապես՝ մեկը Վոլգոգրադի, իսկ 13-ը՝ Տամբովի մարզի երկնքում։ Վոլգոգրադի մարզին հասցված հրթիռային հարվածը հետ մղելու մասին ռազմական գերատեսչությունն իր ամփոփագրում որևէ հիշատակում չի արել։


























