Թուրքիայի բնակիչ Ռըֆաթ Օզդեմիրը, ով իր երկրում խնդիրների է բախվել սկանդալային ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ արտաքին նմանության պատճառով, «ՌԻԱ Նովոստիին» պատմել է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով հրաժարվել է արտերկիր մեկնելուց։

Ավելի վաղ Օզդեմիրը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ վերջին շրջանում փողոցում մարդիկ սկսել են անբարյացակամ նայել իրեն և իր կյանքը վերածվել է «մղձավանջի»։

«Ես պատրաստվում էի մեկնել արտերկիր, բայց հիմա բոլոր ծրագրերը չեղարկվել են Էփշտեյնի հետ կապված այս իրավիճակի պատճառով։ Այստեղ՝ Թուրքիայում, ես գոնե կարող եմ բացատրել, եթե մարդիկ ինձ շփոթում են այդ սրիկայի հետ, իսկ արտերկրում կարող են հանդիպել մարդիկ, ում շատ ուժեղ է դիպել այս պատմությունը և ովքեր կցանկանան հարձակվել ինձ վրա։ Ինչպե՞ս եմ կարողանալու նրանց բացատրել, որ ես նա չեմ»,- գործակալությանն ասել է Օզդեմիրը։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հունվարի 30-ին հայտարարել է Էփշտեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։

2019 թվականին ԱՄՆ-ում Էփշտեյնին մեղադրանք է առաջադրվել սեռական շահագործման նպատակով անչափահասների թրաֆիքինգի համար։ Նույն տարվա հուլիսին նա մահացել է բանտում. քննությունը եկել է այն եզրակացության, որ ինքնասպանություն է կատարվել։