Ռուսական զորքերը հունվարի 12-ի գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։

Դարնիցկի շրջանում հրթիռն ընկել է առանձնատան վրա։ Գոլոսեևսկի և Դեսնյանսկի շրջաններում հարվածներ են հասցվել ոչ բնակելի կառույցներին։ Դնեպրովսկի շրջանում բեկորների անկում է արձանագրվել բնակելի շենքի մոտ, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վիրավորվել է երկու մարդ, տուժածներից մեկը հոսպիտալացվել է. բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Վիտալի Կլիչկոն իր Telegram-ալիքում գրել է, որ հարվածի հետևանքով մոտ 2600 տուն մնացել է առանց ջեռուցման։ Նա հավելել է, որ ևս մոտ 1100 քաղաքային շենքեր շարունակում են մնալ առանց ջերմամատակարարման՝ ռուսական նախորդ հարվածներից հետո։

Այսպիսով, Կիևում ջեռուցում չի մատակարարվում բոլոր բազմաբնակարան շենքերի մոտավորապես մեկ քառորդին։

2026 թվականի սկզբից ռուսական զորքերն ուժեղացրել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները, այդ թվում՝ Կիևում և Կիևի մարզում։ Ուկրաինայի մայրաքաղաքում տիրող ուժեղ սառնամանիքների պայմաններում բազմաթիվ բնակելի շենքեր մնացել են առանց էլեկտրականության և ջեռուցման։