Վենետիկում կայացել է ավանդական կառնավալի առանցքային պահը. Սուրբ Մարկոսի աշտարակից իջել է հրեշտակը, եւ այդ թռիչքը հրապարակում հազարավոր հանդիսատեսների է հավաքել: Վենետիկի համար ոչ սովորական սիբիրյան ցրտերը չեն խանգարել, միայն թե հագուստները մեծամասամբ սիբիրյան են եղել: 2012թ. ամենատարածված հանդերձը մուշտակն է դարձել:

Մեծ ջրանցքի սառույցը, ձյունը, սառնամանիքը եւ փոթորկաբեր քամին վենետիկցիներին չեն խանգարել ավանդական կառնավալն անցկացնելու գործում: Կառնավալի կայացման համար փետրվարի 12-ի ուղիղ կեսօրին հարկավոր է Սուրբ Մարկոսի զանգակատնից նետել Կոլոմբինային:

XVIII դարում 99 մ բարձրությունից թռչում էր տիկնիկը, իսկ այսօր հրեշտակային թռիչքի համար ընտրում  են ամենագեղեցիկ աղջկան: Վենետիկի այս տարվա հրեշտակը Ջուլիա Սելերոն է: «Ամենասարսափելին այնտեղ առաջին երկու րոպեներին քամուն հանդիման կախված լինելն էր, քանի դեռ չէին սկսել իջեցնել», - աղջկա խոսքերն է մեջբերել vesti.ru-ն:

Վենետիկի կառնավալը շարունակվում է 12 օր. այդ օրերին այնտեղ բոլորը հավասար են: Դիմակների հետեւում ոչ կարգավիճակն է երեւում, ոչ տարիքը, ոչ դրամապանակի հաստությունը: Մի ժամանակ ամբոխում այսպես տարալուծվում էին արքայադուստրերը, հերցոգուհիները եւ նրանց ծառաները:

Տեղի արհեստանոցներում ձուլում, կարում եւ նկարում են դիմակ-նկարներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ու անվանումն ունի: Կառնավալի կարգախոսն այս տարի փոխառել են Շեքսպիրից` «Ամբողջ կյանքը թատրոն է»: Այս օրերին դրանից պրծում չկա. դիմակներն ամենուր են` ռեստորանային սեղանների շուրջ, ջրային տրամվայներում, նույնիսկ խանութներ գնում են դիմակներով:

Կյանքն իհարկե թատրոն է, բայց բոլոր ճանապարհները տանում են արվեստի իսկական գլուխգործոցի` Սուրբ Մարկոսի հրապարակի գինու շատրվանի մոտ, որը ցայտում է ամբողջ օրվա ընթացքում: Տրեվիզո նահանգի խաղողի կաբերնե. այս շատրվանը դեռ չի սառել: