Ֆրանսիայի նախագահի տիկինը` Կարլա Բրունի-Սարկոզին, Փարիզի Նոժան սյուր Մարն արվարձանի ֆաբրիկայում աշխատող իտալացի կանանց հուշարձանի բնորդուհի է ընտրվել:

Կարլա Բրունիին ընտրել են հաշվի առնելով նրա իտալական ծագումը: Իշխանամետ կուսակցության անդամ քաղաքապետ Ժակ Մարտենը որոշել է, որ ավելի լավ կերպարանավորող հնարավոր չէ գտնել: Աշխատանքի հեղինակը կդառնա հայտնի քանդակագործ Էլիզաբեթ Սիբոն:

Ֆրանսիայի առաջին տիկնոջ շրջապատում ընդգծում են, որ, թեեւ Կարլա Բրունի-Սարկոզին համաձայնել է հանդես գալ բնորդուհու դերում, արձանն, այնուամենայնիվ, նվիրված չի լինի նրան: «Կարլան Ժաննա դ’Արկը չէ, ոչ էլ Շառլ դը Գոլը: Նա նախկին մոդել է, ով արվեստի հետ կապված շատ առաջարկներ է ստանում»,-նշել է նախագահի կնոջ մամուլի քարտուղարը:

Սակայն դա ֆրանսիական ընդդիմությանը չի խանգարում հանդես գալ կպչուն քննադատությամբ: Բանն այն է, որ խոսքն իտալացի աշխատավորուհու քանդակի մասին է, այնինչ Կարլա Բրունին հարուստ ընտանիքից է սերում: Ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ուիլյամ Գեյբը ծաղրել է քաղաքապետի մտահղացումը` այն վիրավորական համարելով այդ ֆաբրիկայում աշխատած կանանց համար:

Ոչ պակաս քննադատությունների է արժանացել նաեւ այդ նախագծի արժեքը: Ֆրանսիական լրատվամիջոցների վկայությամբ` արձանը կարժենա 82 հազար եվրո, որի կեսը կվճարվի քաղաքային բյուջեից: Ի դեպ, քաղաքապետի նախաձեռնությունը հավանության է արժանացել Նոժան սյուր Մարնի քաղխորհրդի կողմից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: