Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, որի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում տոնական միջոցառումներ են կազմակերպվել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես Նորք -Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջը, ավանդույթի համաձայն, նշվել է մեծ հանդիսավորությամբ: Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում նախ կատարվել է նորապսակների օրհնության կարգ: Նորապսակ զույգերից 50-ը հենց Նորք-Մարաշի բնակիչներ են:  Նորապսակներին վարչական շրջանի աշխատակազմի կողմից հանձնվել են նաեւ նվերներ, այնուհետ ներկաների ուրախ տրամադրությունը տեղափոխվել է տոնական սեղանների շուրջ: Միջոցառումն ամբողջացրել են երգիչ-երգչուհիների հայկական ժողովրդական ու էստրադային կատարումները: Ի դեպ, նախորդ տարվա Տեառնընդառաջի տոնից մինչ օրս եկեղեցում  պսակադրության 165 արարողություն է կատարվել: 

Տյառնընդառաջին ընդառաջ  Դավթաշեն վարչական շրջանի բնակիչները տոնական միջոցառման էին հավաքվել Սրբոց  Նահատակաց եկեղեցում։ Վարչական շրջանի 30 նորապսակներ վարչական շրջանի ղեկավարից որպես նվեր Աստվածաշունչ են ստացել: Այնուհետեւ տոնական խարույկը մարդկանց տրամադրութունը ջերմացրել է նորապսակների ավանդական ցատկով:

Ավան վարչական շրջանում էլ Տյառնընդառաջի տոնակատարությունն ազդարարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում`երեկոյան ժամերգությամբ ու շարունակվել օրհնված խարույկի շուրջ: Վարչական շրջանի ղեկավարության հատուկ հրավերով տոնին մասնակցել են տարբեր տարիներին այս օրը պսակադրված 30 ավանցի զույգեր: Եկեղեցու բակում, Ավանի մշակույթի տան սաների մասնակացությամբ, հնչել է  ազգագրական երգ ու պար: Հավաքվածներին մատուցվել են նաեւ անկնկալներ` տարոսիկների տեսքով: