Շնորհակալ եմ Հայաստանի համապատասխան մարմիններին այն քայլերի համար, որոնք ձեռնարկվել են Հայաստանում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած ակցիաների հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Նրա խոսքով՝ դեսպանատան առջև հավաքվել էին մարդիկ, ովքեր վանկարկում էին Իրանում իշխանափոխության մասին լոզունգներ, ինչը դատապարտելի է։ «Սակայն դա իրանցիների չնչին թվաքանակ է կազմել՝ Հայաստանում բնակվող Իրանի քաղաքացիների ընդհանուր թվի (մոտ 3000) համեմատ», - նշել է դեսպանը։

Նա վերահաստատել է, որ Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ փորձեր են արվել երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ, ինչը դարձել է 12-օրյա պատերազմի շարունակությունը։