Վրացական Imedi TV և POSTV հեռուստաալիքների դեմ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցները անարդար են և անհիմն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Հեռուստաալիքների վերաբերյալ կայացված որոշումն անարդար է։ Եթե խորանանք, կտեսնենք, որ որևէ փաստարկ չկա։ Սա Վրաստանի նկատմամբ առաջին անարդար վերաբերմունքը չէ։ Դա կատեգորիկ անընդունելի է։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Մենք հարգում ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Եվրամիության անդամներին, բայց նրանք ևս պետք է հարգեն մեզ և մեր ինքնիշխանությունը։ Որքան էլ մեծ լինի երկիրը, այն չպետք է միջամտի մեկ այլ երկրի ներքաղաքական գործերին», - ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանը վերջին շրջանում բախվում է Արևմուտքի անհիմն պատժամիջոցներին։ «Քանի՞ անգամ պետք է պատժամիջոցներ սահմանեն Բիձինա Իվանիշվիլիի (իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ) կամ մեր դեմ։ Այդքան տարի նրանք նույն տեղում են մնում՝ սահմանելով պատժամիջոցներ և ընդունելով բանաձևեր, որոնք ոչ մի բանի մասին չեն խոսում»,- հավելել է Կալաձեն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում են ներառել վրացական Imedi TV և POSTV հեռուստաալիքները։ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի տարածած փաստաթղթում նշվում է, թե այս հեռուստաալիքները ուկրաինական հակամարտության վերաբերյալ տարածել են «միտումնավոր մոլորեցնող տեղեկատվություն»։





























