ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։
«Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ հիմնական դեր ունի «հիմնական կենսաթոշակ» հասկացությունը, որն այս պահին 24 հազար դրամ է։ Այն դառնալու է 34 հազար դրամ։ Բոլոր կենսաթոշակները հաշվարկվելու են 24 հազար դրամը ներառյալ և բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով»,–ասաց նա։
Թորոսյանը հայտարարեց, որ բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 հազար դրամ է՝ դառնալով 46 հազար դրամ, ինչը նշանակում է, որ բարձրանալու է նաև ծերության նպաստը նրանց համար, որոնք չունեն աշխատանքային ստաժ։
ԱՍՀ նախարարը տեղեկացրեց, որ բարձրանալու են նաև 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալություն ունեցեղ անձանց նպաստները՝ համապատասխանաբար 10 հազար դրամով։
«36.000 դր, 37.500 դր և 39.000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46.000 դր, 47.500 դրամ և 49.000 դրամ»,-ավետեց Թորոսյանը։
Սոցապ նախարարը նաև տեղեկացրեց, որ բարձրացվելու են նաև զինվորական երկարամյա ծառայության թոշակները, որտեղ բանաձևերն այլ են և միջին բարձրացումը կլինի 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 15000 դրամ, իսկ որոշներում էլ բարձրացումը 8000-ից էլ ցածր կլինի։
«Որովհետև այդ կենսաթոշակները բավականին բարձր են՝ միջինը 100 հազար դրամի չափ է»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բարձանալու են նաև այլ թոշակները, օրինակ՝ կերակրողին կորցրածների։
Հիշեցնելով, որ ապրիլի 1-ից բարձրանալու են կենսաթոշակները, նա շեշտեց, որ դրան կգումարվի նաև հետվճարներից ստացվող գումարները։
«Վերջինով խրախուսվում է, որ ստվերի շրջանառությունը փոքրանա, և պետական բյուջեն մեծանա, որը նույնպես դառնալու է կենսաթոշակ»,-հայտարարեց նախարարը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ -ում կենսաթոշակները բարձրանալու են։
Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ՝ նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դնում կենսաթոշակի՝ 10 400 դրամով բարձրացման գաղափարի արդյունավետությունը՝ կասկած հայտնելով, թե արդյոք թոշակառուն արդյունավետ կծախսի այդ գումարը։
Հիշեցնենք նաև, որ միայն նախորդ տարվա տարեվերջյան խրախուսանքի տեսքով իշխանությունը ավելի քան 3.5 միլիարդ դրամի պարգևավճար է բաժանել։





























