Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Մաշտոցի այգում (Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում) իրականացվող շինարարության դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետն ընդգծել է, որ Երեւանի կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման հարցում առաջին հերթին շահագրգռված է հենց քաղաքային իշխանությունը:
«Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է եւ այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել . կանաչ տարածքների հաշվին որեւէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երեւանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլեւ դրանց ընդլայնումը»- նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ անդրադառնալով վերոնշյալ տարածքի քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ի տարբերություն Աբովյան փողոցի արդեն ապամոնտաժված շինությունների, որոնք ունեին սեփականության իրավունք, նոր տարածքում ժամանակավոր կառույցները տրամադրվել են վարձակալության իրավունքով: Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել եւ պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները:
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանի կառավարման դրական փորձը հույս է ներշնչում, որ այս հարցը նույնպես համակողմանի քննարկման արդյունքում դրական լուծում կստանա:
Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նոր ձեւավորվող քաղաքաշինական խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաեւ հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններ, իր հերթին կնպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական բոլոր նախագծերի համակողմանի քննարկմանն ու որոշումների կայացմանը: Նա նաեւ նշել է, որ որպես խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ առաջարկելու է բնապահպան Կարինե Դանիելյանի թեկնածությունը: Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ոչ միայն կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման, այլ նաեւ հնի եւ նորի համադրմամբ Երեւանի քաղաքակիրթ արտաքին տեսքի ապահովման հարցում: Այս համատեքստում է դիտարկվում նաեւ քննարկվող տարածքը, որն ըստ էության «Հին Երեւան» ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նկատի ունենալով այս հանգամանքը ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը առաջարկել է կազմակերպել հանդիպում եւ շահագրգիռ կողմերին հանգամանորեն ներկայացնել «Հին Երեւան» ծրագիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հանձնարարել է առաջիկա օրերին կազմակերպել նման հանդիպում`ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը:




























