Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ, հաղորդում է Al Jazeera-ն։

Սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահի գրառման համաձայն, Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ «հակամարտությունները լուրջ հետևանքներ կունենան տարածաշրջանային և գլոբալ անվտանգության տեսանկյունից, եթե անհրաժեշտ միջամտություն չիրականացվի»։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան «զգալի աշխատանք» են տանում տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար, և որ դիվանագիտությանը հնարավորություն տալը «ամենառացիոնալ ճանապարհն է»։

Հիշեցնենք, որ Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան։ Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։