Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հյուրընկալել էր Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի գլխավորությամբ։

Ջրային կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին», որն անցյալ շաբաթ քննարկվել էր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

Ծրագիրը համաֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, իսկ միջոցներն ուղղվելու են ջրային ոլորտի բարեփոխմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման լավարկմանը։

Կողմերը քննարկել են նաև Ջրային հռչակագրի (Water Compact) մշակման և Համաշխարհային բանկի նախագահի հետ համատեղ ստորագրման հետ կապված կազմակերպչական հարցեր։

Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։