Գերմանացի բժիշկները զննել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, իրենց եզրակացությունը թողել փակ ծրարում եւ հեռացել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի դատախազությունը:
Գերմանացի բժիշկները խարկովյան գաղութ ժամանել են միջազգային հանձնաժողովի կազմում, որում ընդգրկված են եղել նաեւ բժիշկներ Կանադայից եւ Ուկրաինայից: Կանադական բժիշկները բանտարկյալին կզննեն այսօր` փետրվարի 15-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Տիմոշենկոն հրաժարվել է բուժզննում անցնել, քանի որ հանձնաժողովի կազմում ուկրաինացի բժիշկներ էին եղել, որոնց նա չի վստահում: Սակայն հետագայում վարչապետն, այնուամենայնիվ, համաձայնություն է տվել, եւ բժիշկներն անցել են իրենց գործին:
Ըստ պաշտպանության վստահեցման` Տիմոշենկոն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, թեպետ նրա վիճակը մի փոքր լավացել է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավարն իր պատիժն է կրում խարկովյան գաղութում «գազային» գործի համար: Դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ իր իրավասությունների չարաշահման համար:




























