Համաշխարհային բանկն ավելի քան 70 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Ըստ նրա՝ միջոցները կուղղվեն ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավմանը։ Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին Հայաստանի Հանրապետությունը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ստորագրել են համապատասխան վարկային համաձայնագիր։ Համաձայնագրի համաձայն՝ Բանկը պարտավորվել է 70,4 մլն եվրո տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ ծրագրի ֆինանսավորման համար։ Հայաստանի կառավարությունն իր հերթին պարտավորվել է համաֆինանսավորել ծրագրի իրականացման հետ կապված հարկերը, տուրքերը և գործառնական ծախսերը, ինչպես նաև այլ ծախսեր, որոնք ենթակա չեն վարկային միջոցների հաշվին ֆինանսավորման։
Սույն վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը ստորագրման պահից 180 օր է, իսկ ծրագրի տևողությունը՝ 5 տարի՝ սկսած ուժի մեջ մտնելու օրվանից։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը 2026 թվականի մարտի 31-ն է։
Նախագիծը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից՝
Ջրային ոլորտի բարեփոխում, կլիմայական պայմաններին դիմացկուն ոռոգման, գյուղական ջրամատակարարման և սանիտարական համակարգերի ինստիտուցիոնալ ամրապնդում,
գյուղական ջրամատակարարման և սանիտարական պայմանների բարելավում,
ոռոգման ենթակառուցվածքների և համակարգի կառավարման արդիականացում,
նախագծի կառավարում։
«Ակնկալվում է նաև ծրագրի համաֆինանսավորում Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից», - հայտնել է Ղալամքարյանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կլիմայական առումով կայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում, որոնք կնպաստեն տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և համաչափ տարածքային զարգացմանը։





























