Հայաստանում առողջապահական ապահովագրության ներդրմանը զուգահեռ արձանագրվել է քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ դիմելիության աննախադեպ աճ։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է թափուր պաշտոնի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։

«Այս առումով, այո՛, մենք որոշակի խնդիրներ ենք ունեցել», - ասել է Օհանյանը։ Նա մասնավորապես ընդունել է բժիշկների աշխատավարձերի հետ կապված խնդիրների առկայությունը։ «Մասնագետների համար հունվար ամսվա համար ցածր աշխատավարձերի խնդիրը պայմանավորված է տվյալների մուտքագրման խնդիրներով և ստացված ծավալները ժամանակին մշակելու անկարողությամբ։ Հունվար ամսվա համապատասխան գումարները հետադարձ ձևով կվճարվեն փետրվարին», - հավելել է Օհանյանը։