Հայաստանի իշխանություններն ասում են, թե Վարդենիսում հիվանդանոց է կառուցվում, սակայն իրականում դա այդպես չէ։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

«Նախագծանախահաշվարկային փաստաթուղթը պատրաստ է և ասում են, որ հողի խնդիր կա։ Չեմ հասկանում՝ ո՞նց կարող է նախագիծն առանց սեփականության վկայականի կատարվի», - ասել է Ղազարյանը։

Պատգամավորն անդրադարձել է նաև ախտաբանաանատոմիական լաբորատորիաների խնդրին, հատկապես Ճամբարակ համայնքում։ «Մի հատ գնացեք, դժգոհությունը տեսեք։ Մարդը դիակը բերում, Սևանում է հերձում։ Ինչքան լրացուցիչ ֆիզիկական, ֆինանսական դժվարություններ կան։ Ձեր զեկույցում ասացիք, որ համակարգը ծառայեցնում եք ժողովրդին։ Էդ ձևո՞վ եք ծառայեցնում․ մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու, վեց ժամ սպասում է հերթի պատճառով, հետո հետ է տանում»,- դժգոհել է խորհրդարանականը՝ դիմելով թափուր պաշտոնի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանին։