ԵՊՀ դասախոս, իրավաբան Սահակ Մանուկյանը, որին ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով ազատել էին աշխատանքից, դատարանի որոշմամբ վերականգնվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտի պաշտոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Մանուկյանը:
«Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում», – նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել էր Սահակ Մանուկյանի դասախոսության մի հատված, որտեղ վերջինս ուսանողներին հստակ օրինակով բացատրելիս է եղել վիրավորանք և զրպարտությունն տերմինների տարբերությունը։ Մանավազյանի դուստրը տեսանյութն ուղարկել էր պատգամավոր մորը, ինչից հետո դասախոսին ազատել են աշխատանքից՝ «ակադեմիական միջավայրում ոչ հարիր բառապաշար օգտագործելու համար»։





























