ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5–ի նիստում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց։
Այս որոշման նպատակը Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելն է։
Ծրագիրը ներառում է՝
5 նոր տրանսպորտային հանգույցների կառուցում.
6 նոր վերգետնյա անցումների կառուցում.
2 նոր թունելների կառուցում՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ (ներառյալ պորտալները).
15 նոր կամուրջների կառուցում։
Ճանապարհի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները արդեն իսկ հանրության գերակա շահ են ճանաչվել, իսկ շինարակական աշխատանքներն մեկնարկել են 2024 թ․ և ներկայում գտնվում են ընթացքի մեջ։
Սակայն հետագայում կատարվել են նախագծային փոփոխություններ, որի արդյունքում Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք, Մեղրի բնակավայրերում գտնվող ընդհանուր 88 հողամասերի ազդակիր հատվածներ ներառվել են Ճանապարհի օտարման գոտու սահմաններում և, առանց այդ տարածքների հնարավոր չէ ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը։
Այս որոշմամբ առաջարկվում է Ճանապարհի օտարման գոտու սահմաններում ներառված 88 հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ՝ հաստատելով այդ հողամասերի օտարման գոտին։
Օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Նախագծից բխող ծախսերը կատարվելու են ՀՀ պետական բյուջեի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի Սիսիան-Քաջարան ծրագրի Հյուսիսային ենթահատվածի հողերի օտարման համար նախատեսված միջոցներից՝ վերաբաշխում կատարելով։





























