ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5–ի նիստում վերաբաշխում կատարեց 2026–ի պետական բյուջեի մասին օրենքում, որով նախատեսվում է 339 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ դեպի կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, դրանց փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև 1.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։

Հարցը ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ով նաև նշեց. «Կառավարության չզեկուցվող հարցերով մենք 503.5 մլն դրամ այսօր հատկացրել ենք 470 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների և 10 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, նորոգման, միջին նորոգման վերակառուցման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման համար: Սա համանման արդեն երկրորդ որոշումն է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ հարցը վերաբերում է նորակառույց դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը։ «Խոսքը 300 դպրոց ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների մասին է։ Հիշո՞ւմ եք, որ մենք խոսել ենք, որ երեխաները պետք է գնան նոր դպրոց նոր ճանապարհներով, և, իհարկե, տրանսպորտային հարցի լուծման մեր նախնական պատկերացումն ունեինք մենք, բայց նաև հետագայում ծնողների հետ հաղորդակցության ընթացքում որոշակի նոր գաղափարներ են ի հայտ եկել, դա էլ կփորձարկենք»։