Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը պատերազմի կուսակցություն է։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Այս «կուսակցության» մեջ Ռուբինյանը ներառել է և՛ «Հայաստան» դաշինքը, և՛ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և՛ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը, որն ԱԺ փոխխոսնակը համարում է ՀՀԿ-ի հետ փոխկապակցված, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, նա «Ուժեղ Հայաստանը» համարում է Ռուսաստանի հետ փոխկապակցված, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ Բելառուսի։

«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ 2020 թվականից հետո ինչ հայտարարել եք, դրանցից մեկը մենք լսեինք, լսեինք ձեր ասածով անեինք՝ մեր երկիրը չէր լինի տարածքային իր ամբողջականության սահմաններում ու մի հինգ անգամ մենք պատերազմի մեծ եղած կլինեինք։ Եթե մի անգամ ձեզ լսած լինեինք։ Ու հիմա դուք 7արունակում եք նույն գիծը։», - ասել է Ռուբինյանը։

ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակն անմիջապես կհանգեցնի Ադրբեջանի հետ հակամարտության վերսկսմանը։ Ընդ որում, պատերազմի սկսվելու մեղքը իշխանության ներկայացուցիչը հեռակա կարգով որոշել է բարդել հենց հայկական ընդդիմության վրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցում նրա անզիջում դիրքորոշման պատճառով։ «Եվ հետևաբար հունիսի 7-ի ընտրությունները լինելու են հետևյալի մասին․ մարդիկ պետք է ընտրեն կամ «պատերազմի և կոռուպցիայի» կուսակցությունը, կամ չընտրեն նրանց և ընտրեն «արդարության և խաղաղության» կուսակցությանը», - եզրափակել է Ռուբինյանը։