ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Channel 12-ին տված հարցազրույցում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին կրկին կոչ է արել ներում շնորհել վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կոռուպցիայի մեղադրանքի գործով, ասելով, որ վարչապետի «մտքում Իրանի հետ պատերազմից բացի ուրիշ բան չպետք է լինի»։
«Նախագահ Հերցոգը պետք է այսօր ներում շնորհի Բիբիին։ Ես չեմ ուզում, որ Բիբին անհանգստանա Իրանի հետ պատերազմից բացի որևէ բանի համար... Հերցոգը խայտառակություն է... նա հինգ անգամ ինձ խոստացել է, որ կներում շնորհի Բիբիին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նեթանյահուն առաջին գործող Իսրայելի վարչապետն է, որին մեղադրանք է առաջադրվել հանցագործության համար, և նա հերքում է 2019 թվականին իր դեմ հարուցված կաշառակերության, խարդախության և օրենքը խախտելու մեղադրանքները։
Թրամփն արդեն մի քանի անգամ Իսրայելի նախագահին կոչ է արել ներում շնորհել Նեթանյահուին։ Նեթանյահուն ներման խնդրանք է ներկայացրել նոյեմբերին։ Հերցոգը նախկինում վիճարկել է Թրամփի պնդումը, թե ինքը խոստացել է ներում շնորհել Նեթանյահուին, իսկ փետրվարին՝ ի պատասխան Թրամփի նմանատիպ կոչի, նա հայտարարել է, որ Իսրայելն ինքնիշխան պետություն է, որը կառավարվում է օրենքի գերակայությամբ։ Շաբաթ օրը Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին Իրանի դեմ համատեղ ռմբակոծությունը։
Իսրայելի օրենսդրությամբ՝ նախագահն իրավունք ունի ներում շնորհել դատապարտված բանտարկյալներին։ Սակայն, չկա նախադեպ, որ ներման որոշում ընդունվի դատավարության կեսին։ Ներման իրավական գործընթացը կարող է դանդաղ լինել։





























