ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն օր քննարկում է Իրանի դեմ պատերազմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Ամեն օր ես Բիբիի հետ խոսում եմ պատերազմի մասին։ Ես ուզում եմ, որ նա կենտրոնանա պատերազմի, այլ ոչ թե անիծյալ դատավարության վրա։ Ես ուզում եմ, որ Բիբիի վրա միակ ճնշումը լինի Իրանի դեմ ռազմական գործողությունները»,- ասել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ Նեթանյահուն «չպետք է դատվի գինու և սիգարների համար»։

Դա ակնարկ է այն մեղադրանքներին, ըստ որոնց Իսրայելի վարչապետը միլիարդատերերից հարյուր հազարավոր դոլարների սիգարներ, շամպայն, թանկարժեք զարդեր և այլ նվերներ է ստացել քաղաքական ծառայությունների դիմաց։

Թրամփը հավելել է, որ Նեթանյահուն պատերազմական ժամանակների վարչապետ է, որը «չպետք է բանտում լինի» և հայտարարել է, որ հրաժարվում է հանդիպել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, մինչև Նեթանյահուն ներում չստանա։

ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին ներում շնորհելու հարցը բարձրացրել է նաև իսրայելական 12-րդ ալիքին տված հարցազրույցում՝ Իսրայելի նախագահին «խայտառակություն» անվանելով և պահանջելով Նեթանյահուի անհապաղ ազատ արձակումը։