Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` փետրվարի 15-ին, Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենները եւ ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2012 թվականի անելիքներն ու գերակայությունները, ոլորտում նախատեսվող փոխությունները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարարն, անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին, նշել է, որ մասնագիտական կրթության զարգացումը պետության գերակայություններից է եւ այդ հանգամանքով պայմանավորված 2012 թվականից նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետական պատվերի տեղերը կավելանան 50 տոկոսով:
«Դա չի նշանակում, որ բոլոր մասնագիտությունների համար 50 տոկոսով պետպատվերի մեխանիկական ավելացում է լինելու: Պետպատվերը բաշխվելու է ըստ պետության գերակայությունների` հաշվի առնելով աշխատաշուկայի եւ տնտեսության պահանջարկը: Ուզում եմ հատուկ նշել, որ մարզային ուսումնական հաստատություններին առաջնահերթություն է տրվելու»,- պարզաբանել է նախարարը եւ հավելել, որ պետության միջոցներով արդյունավետ կրթություն կազմակերպելու տեսանկյունից մասնագիտությունների ճիշտ ընտրությունը չափազանց կարեւոր է:
Անցյալ տարվանից նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունները ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հանվել են: Ա.Աշոտյանն այս նորամուծությունը գնահատել է դրական եւ նշել, որ նույն մոտեցումը պահպանվելու է նաեւ այս տարի: Նախարարն հանձնարարել է, որ դիմորդների համար ուսումնական հաստատությունների կողմից ընդունելության հետ կապված խնդիրներ եւ արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: «Աշխատեք այնպես, որ ծնողների ու դիմորդների կողմից դժգոհություններ չլինեն: Նկատի ունեցեք ցանկացած դժգոհություն, «Թեժ գծի» կամ սոցիալական ցանցի ահազանգ ուսումնասիրվելու է, եւ եթե այն հիմնավոր է, ապա մոտեցումը կտրուկ է լինելու»,- նշել է Արմեն Աշոտյանն ու հավելել, որ նախարարությունը որդեգրել է հանրային առողջ կարծիք ձեւավորելու եւ այդ կարծիքի հետ հաշվի նստելու քաղաքականություն:
Անդրադառնալով բովանդակային բարեփոխումներին` նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ նախարարության կողմից խստացվելու է վերահսկողությունը միջին մասնագիտական հաստատությունների ուսումնական կարգապահության նկատմամբ: Նախարարն հավելել է, որ քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտները բուհերի ընդունելության քննություններն հանձնելու են միասնական համարգով` ԳԹԿ-ում:
Նկատի առնելով, որ առաջիկայում մեր երկրում համապետական ընտրություններ են լինելու` ԿԳ նախարարը կրկնել է իր մինչ այդ հրապարակավ արած հայտարարությունը` կրթական հաստատությունները զերծ պահել քաղաքական գործընթացներից: «Ուսումնական հաստատություններում արգելվում է ցանկացած քաղաքական գործընթաց եւ քարոզչություն»,- շեշտել է նախարարը:




























