Եկեղեցու դեմ արշավը մարդկանց բաժանում է տարբեր բանակների, եկեղեցու կողմնակիցներ և հակառակորդներ, կամ Փաշինյանի կողմնակիցներ և հակառակորդներ։ Այս մասին այսօր՝ մարտի 6–ին, քննարկման ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ այդ ներքին ատելությունը մեծացնում է մեր խոցելիությունը։
«Այսօր 230 դպրոց կրթական որակյալ ծառայությունների հասանելիության անվան տակ կանգնած է փակման առաջ, և դրա չափանիշը պարզապես 100 աշակերտն է։ Շատ մեխանիկական այսպես որոշում, 100 աշակերտ կա դպրոցում՝ կպահենք, 100 աշակերտից ցածր է՝ 99 աշակերտ է՝ ուրեմն այդ դպրոցը պետք է փակենք։
Արդյունքում 215 գյուղ կանգնում է դատարկման սպառնալիքի առաջ։ Այդ 215 գյուղերի մեկ քառորդը՝ 55 գյուղ սահմանամերձ է։ Այդ 55 գյուղի կեսը գտնվում է Սյունիքի մարզում, 27 գյուղ սահմանամերձ է։
Մի կարևոր վիճակագրություն էլ նշեմ, որ վերջին հինգ տարիների Հայաստանի Հանրապետության մարզերի դեմոգրաֆիական ցուցանիշների տեսանկյունից ամենավատ ցուցանիշը ունի հենց Սունիքի մարզը, որտեղից ավելի քան 10 000 մարդու արտահոսք է եղել։ Սյունիքի մարզի բնակչությունը ավելի քան 10 000-ով պակասել է»,–ասաց նա։





























