Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ-ի Կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով գումարվող քահանայից ավանդական ամենամյա հավաքը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ քահանայից ժողովին մասնակցել են շուրջ 230 եկեղեցականներ, ովքեր իրենց ծառայությունն են բերում Մայր Աթոռի կառույցներում, վանքերում, Հայաստանի ու Արցախի թեմերում, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Սփյուռքի հայոց թեմերից: Ժողովի քննարկման նյութն էր` «Քահանան եկեղեցական-սոցիալական աշխատանքի հիմնական դերակատար»:

Զեկույցներից հետո տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես, ասվում է. «Մենք` Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներս, կարեւորում ենք Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնը որպես հրավեր ուխտի նորոգման, առավել զորացնելու հոգեւոր մեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Քահանայի հովվական առաքելության մեջ էական եւ կարեւոր տեղ է զբաղեցնում սոցիալական ծառայությունը: Գոհություն ենք հայտնում Տիրոջը, որ մեր Եկեղեցին արդյունավորում է իր առաքելությունը տարբեր սոցիալական ձեռնարկումներով, որոնք արտահայտվում են հասարակության սոցիալական խոցելի խմբերին` հիվանդներին, ազատազրկվածներին, բռնության ենթարկվածներին, անապահով անձերին ու ընտանիքներին, մանուկներին ու ծերերին ուղղված հոգեխնամատարական ծրագրերով:

Հորդորում ենք նաեւ Հայ Եկեղեցու հավատավոր հոտի անդամներին գործնականորեն սատարելու Եկեղեցու սոցիալական ծառայությանը, ջանքեր ներդնել Տիրոջ գթասրտության եւ ողորմության պատգամներն առավել արդյունավոր միջոցներով արտահայտելու համար սոցիալապես խոցելի խմբերի կյանքում»:
Այնուհետեւ տեղի է ունեցել պարգեւաբաշխություն: Տոնի առիթով Գարեգին Բ-ն ծաղկյա փիլոն կրելու իրավունք է շնորհել Մայր աթոռ սուրբ Էջմիածնից Տ. Խորեն քահանա Կիրակոսյանին, Տ. Պարույր քահանա Ավետիսյանին եւ Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:
Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում հոգեւոր դասը մասնակցել է Երեկոյան ժամերգության եւ ս. Վարդանանց տոնի նախատոնակին:




























