Երեւան-Աբովյան գիծը սպասարկող 267, 261, 259 համարի երթուղիների ավտոբուսներն ու միկրոավտոբուսները միակողմանի ուղեւորափոխադրումներ են իրականացրել, այսինքն`ավտոբուսը հասնում էր Երեւան, բայց չէր կանգնում, որ ուղեւորափոխադրում իրականացներ: Սա պարզել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները` գնալով իրենց դիմած մի շարք քաղաքացիների բողոքի հետքերով: Փաստն արձանագրելուց հետո գրություն են ուղարկել տրանսպորտի եւ կապի նախարարություն, որն էլ իր հերթին պատասխանել է, որ իրոք տեղի է ունեցել չվացուցակի խախտում, եւ իրականացվում է վարչական վարույթ կոնկրետ 261, 267, 259 միջմարզային միկրոավտոբուսային երթուղիներում:
Վարչական վարույթի արդյունքում 261, 267, 259 միջմարզային միկրոավտոբուսային երթուղիներում «Տիգրան», «Սմարթսովթ», «Քինգ Դելյուքս» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտային տեսչության պետի կողմից կայացված որոշմամբ ենթարկվել են վարչական պատասխանատվության` տուգանք փոխադրումն իրականացնողի նվազագույն աշխատավարձի 20-պատիկի չափով:




























