ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Վենեսուելայի ներկայիս կառավարությունը։ Նա այս հայտարարությունն արել է մարտի 7-ին՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում կայացած «Ամերիկաների վահան» գագաթաժողովում։

«Այս շաբաթ մենք պաշտոնապես ճանաչեցինք Վենեսուելայի կառավարությունը։ ...Նրանք հսկայական ոսկու պաշարներ ունեն։ Նրանք լավ հող ունեն»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն իսկ պայմանագիր է կնքել Վենեսուելայի կառավարության հետ ոսկու եւ այլ հանքանյութերի վաճառքի վերաբերյալ։ ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պատմական վերափոխումներ» է իրականացնում երկրում եւ նմանատիպ փոփոխություններ է ակնկալում նաեւ Կուբայում։

«Կարծում եմ՝ Կուբայի հետ բավական հեշտ կլինի գործարք կնքելը։ ... Նրանք կունենան հրաշալի նոր կյանք, բայց նրանց ներկայիս կյանքը վերջին շնչում է»,- նշել է նա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մարտի 4-ին Վենեսուելայի պետական ​​նավթագազային Petróleos de Venezuela (PDVSA) ընկերությունը նոր պայմանագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ՝ ԱՄՆ նավթ եւ նավթամթերք մատակարարելու համար։