Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ էլեկտրական սեքս-խաղալիքներով ծանրոցները, որոնցում այրվող սարքեր են եղել եւ որոնք բռնկվել են DHL պահեստներում Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում, ուղարկվել են ռուսական ռազմական հետախուզությունից, հաղորդում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Լեհաստանում մի քանի ինքնահրկիզվող ծանրոցների պայթյունից հետո բրիտանական եւ եվրոպական իշխանություններն սկսել են համատեղ հետաքննություն իրականացնել։
Ծանրոցներից մեկը բռնկվել է Բիրմինգհեմի մոտ գտնվող DHL պահեստում 2024թ․ հուլիսի 22-ին, իսկ մյուսը՝ ընկերության գլխավոր գրասենյակում, Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ պայթուցիկ նյութերը թաքցված են եղել էրոտիկ գաջեթներ եւ մերսման բարձեր պարունակող ծանրոցներում, որոնք օգտագործվել են որպես քողարկում Արեւմտյան Եվրոպա տանող երթուղիներով վտանգավոր հրկիզող սարքեր առաքելու համար։
Մեծ Բրիտանիայում այս հարցի վերաբերյալ միակ պաշտոնական հայտարարությունը արել է հակաահաբեկչական ոստիկանությունը. սարքը բռնկվել է, ոչ ոք չի տուժել, եւ հրդեհը մարվել է պահեստի աշխատակիցների եւ տեղի հրշեջ թիմի կողմից։
Եվրոպական իշխանությունները Լիտվայում եւ Լեհաստանում բացահայտել են 22 կասկածյալի, որոնք, հավանաբար, աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների անունից։
Չորս ծանրոց Լիտվայից ուղարկվել է Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի հասցեներով, մեկ այլ ծանրոց այրվել է Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանի տեսակավորման կենտրոնում՝ ինքնաթիռ բեռնվելուց առաջ։
Քննիչները նաեւ հայտնաբերել են ԱՄՆ եւ Կանադա ուղարկվող երկու թեստային ծանրոց, ինչպես նաեւ Ամստերդամում նույն նպատակով ուղարկված երկու ծանրոց։ Երկու գործ արդեն ներկայացվել է Լիտվայի եւ Լեհաստանի դատարաններ, դատավարությունները սպասվում են ավելի ուշ այս տարի։
Կասկածյալները հավաքագրվել են Ռուսաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Լիտվայից եւ Ուկրաինայից, հաճախ գտնվել են «խոցելի սոցիալ-տնտեսական վիճակում»։ Նրանց հրահանգներ են տրվել առցանց հաղորդագրությունների հավելվածների միջոցով, հանձնարարվել են առաջադրանքներ, վճարումները կատարվել են կրիպտոարժույթով։
Բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը Բիրմինգհեմի հրդեհի գործով ձերբակալել է 38-ամյա մի ռումինացի, որի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Նա ձերբակալվել է Սթենսթեդ օդանավակայան ժամանելուց հետո։
Ավելի վաղ Լեհաստանի արտաքին հետախուզության ղեկավար Պավել Շոտան եւս մեղքը բարդել էր Ռուսաստանի վրա, չնայած դատախազության պաշտոնական հայտարարության մեջ որեւէ կոնկրետ օտարերկրյա պետություն չէր նշվում։
Ռուսաստանը հերքում է միջադեպին իր մասնակցությունը։ «Սրանք լրատվամիջոցների սովորական անհիմն ինսինուացիաներ են»,- ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։





























