Կիեւը Միացյալ Նահանգների եւ Պարսից ծոցի մի քանի պետությունների հետ քննարկում է օդային տարածքի մոնիթորինգի ուկրաինական Sky Fortress ակուստիկ համակարգը տարածաշրջանում տեղակայելու հնարավորությունը, որը կօգտագործվի իրանական անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում կատարելով ուկրաինացի պաշտոնյաներին, անօդաչու թռչող սարքերի հետ աշխատող ընկերությունների ներկայացուցիչներին եւ բանակցությունների մեկ մասնակցի: Քննարկումներն ընթանում են ինչպես կառավարական, այնպես էլ մասնավոր մակարդակներում, ինչպես նաեւ ռազմական պաշտոնյաների միջեւ։
«Ամերիկացիները շատ կոնկրետ պահանջներ են ներկայացրել, ուստի նրանց խնդրանքներից ելնելով՝ մենք կտրամադրենք այն, ինչ նրանց անհրաժեշտ է»,- ասել է քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրը։
Sky Fortress-ը մշակվել է 2022թ․ ուկրաինացի երկու ինժեներների կողմից, որոնք սկսել են հետեւել ռուսական անօդաչու թռչող սարքերին՝ օգտագործելով միկրոֆոն եւ սյան վրա ամրացված բջջային հեռախոս: Այդ ժամանակվանից համակարգը վերածվել է ավելի քան 10 հազար ակուստիկ սենսորներից բաղկացած ազգային ցանցի, որը հայտնաբերում է անօդաչու թռչող սարքեր եւ անհապաղ փոխանցում դրանց կոորդինատները զինվորականներին՝ դրանք ոչնչացնելու համար: Աղբյուրների խոսքով՝ տեխնոլոգիան հատկապես արդյունավետ է ցածր թռչող անօդաչու սարքերի, ինչպիսին է «Շահեդը», դեմ, որոնք դժվար է հայտնաբերել սովորական ռադարներով:





























