Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներ ունեցող երկրները «խաղաղությունը չեն վայելի», տեղեկացրել է Al Jazeera-ն։

Նա նաեւ նշել է, որ հարձակումը երկրի հարավային Քեշմ քաղաքի ջրի մաքրման գործարանի դեմ, որի պատասխանատվությունն ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը դրել էր ԱՄՆ-ի վրա, «իրականացվել է հարավային հարեւան երկրներից մեկի ավիաբազայի աջակցությամբ»։

«Այդ աղաղակող հանցավոր արարքը կստանա չափակից պատասխան։ Տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաները դարձել են Իրանի դեմ գործողությունների հարթակներ»,- ավելացրել է նա։ «Ցանկացած գրոհի աղբյուրը կդառնա մեր պատասխանի թիրախը»։