Լոռիի մարզի միայն Հալավար գյուղը 2002թ-ից մինչ օրս լքել է շուրջ 70 ընտանիք: Հալավարի գյուղապետ Սարգիս Հակոբջանյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղում ներկայումս մնացել է մոտ 200 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու անասնապահությունն է:
«Մեր գյուղը լեռնային է, հողագործությամբ զբաղվել չենք կարողանում, անասնապահությանն ենք զարկ տալիս, բայց դա էլ իր խնդիրներն ունի»-նշեց Սարգիս Հակոբջանյանը:
Գյուղապետի փոխանցմամբ, աասնապահությունը գյուղում մեծ հեռանկարներ ունի, սակայն այստեղ էլ կաթնամթերքի իրացման խնդրի առաջ են կանգնում հալավարցիները, որոնք իրենց մթերքը վաճառում են մարզկենտրոն Վանաձորում, որը Հալավար գյուղից գտնվում է 22 կմ հեռավորության վրա:
Գյուղի խնդիրներից մեկն էլ ըստ Սարգիս Հակոբջանյանի, միջհամայնքային ճանապարհի անմխիթար վիճակն է, ինչպես նաեւ գազաֆիկացման բացակայությունը: «Բնակիչները ով ինչով կարողանում, տաքացնում է իր բնակարանը, մի մասը այգու ծառերն է կտրում, մի մասն ամբողջ տարին աթար է հավաքում»,-ասաց նա:
Նախկինում ադրբեջանցիներով բնակեցված Հալավար համայնքը կարիք ունի պետական աջակցության: Նախորդ տարի կառավարության կողմից տրամադրված գարու եւ ցորենի սերմացուից գյուղը չի օգտվել, քանի որ վարելահողեր չունեն: Գյուղացիները հույսները դնում են կառավարության վրա, ըստ որի, օրերից մի օր էլ իրենք կկարողանան ցածր տոկոսով վարկ վերցնել ու սկսել բարեկեցիկ կյանքով ապրել:




























