Իրանի վրա Իսրայելի եւ ԱՄՆ–ի հարձակումը Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության բացահայտ խախտում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ–ն։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների համատեղ ռազմական ագրեսիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը սկսվել է 2026 թ. փետրվարի 28-ին` ուղեկցվելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, մեր երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նահատակմամբ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներով, ներառյալ`  դպրոցներ, հիվանդանոցներ, մարզական կառույցներ, բնակելի տներ և հանրային վայրեր, Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության բացահայտ խախտում է:

Այս դաժան ռազմական ագրեսիային պատասխանելը Իրանի ինքնապաշտպանության բնական և անքակտելի իրավունքն է, որը նաև ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածում։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը օգտագործում են իրենց բոլոր հնարավորություններն՝ այս հանցավոր ագրեսիային դիմակայելու համար։ Իրանի օրինական ինքնապաշտպանության իրավունքի իրացումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի կանոնադրության 39-րդ հոդվածին համապատասխան, չի կատարել ագրեսորներին ճանաչելու և ներկայացնելու, ինչպես նաև նրանց ագրեսիայից բխող պատասխանատվությունը սահմանելու իր պարտականությունները:

Ինչպես նշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված տարբեր նամակներում,  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի համաձայն,  ըստ որի արգելվում է վնաս հասցնել այլ պետություններին սեփական վերահսկողության տակ գտնվող տարածքից, պետությունները պարտավոր են թույլ չտալ այլ պետություններին վնաս հասցնելու նպատակով իրենց տարածքի ուղղակի կամ անուղղակի օգտագործումը:  

Այս առնչությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 3314 բանաձևը, որն ընդունվել է միաձայն և արտացոլում է միջազգային իրավունքի ավանդական կանոնները ռազմական ագրեսիայի սահմանման և դրա օրինակների վերաբերյալ, իր 3-րդ հոդվածի «զ» կետում որպես ռազմական ագրեսիայի օրինակ նշում է այն դեպքը, երբ մի պետություն թույլ է տալիս մեկ այլ պետությանը տրամադրած իր տարածքի օգտագործումը այդ պետության կողմից` երրորդ պետության դեմ ագրեսիա իրականացնելու համար։

Բացի այդ, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, պետությունները պարտավոր են վճռականորեն կանխել իրենց տարածքում տեղակայված ուժերի կողմից այլ երկրների դեմ ռազմական ագրեսիան և չպետք է որևէ կերպ աջակցեն կամ դյուրացնեն նման գործողությունները։ Ակնհայտ է, որ նշված հիմնարար պարտավորությունների խախտման դեպքում այն պետությունները, որոնց տարածքից իրականացվել է ռազմական ագրեսիան երրորդ պետության դեմ, կրում են միջազգային իրավական պատասխանատվություն, այդ թվում՝ պատճառված ուղղակի և անուղղակի վնասների փոխհատուցման առումով։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրացնելով Իրանի պետականության պաշտպանությանն ուղղված իր բնական իրավունքը և հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան իր պարտականությունները կատարելու գործում ակնհայտ ձախողումը՝ իրականացրել է անհրաժեշտ և համաչափ պաշտպանական գործողություններ տարածաշրջանում ագրեսորների ռազմական բազաների և օբյեկտների դեմ։ Այս գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից լիովին օրինական են, և դրանց վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացումներն ի սկզբանե բազմիցս և տարբեր մակարդակներով փոխանցվել էին։

Ոչ մի գործոն չի կարող կասկածի տակ դնել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի դեմ պաշտպանվելու Իրանի բնական իրավունքը։ Իրանի պաշտպանական գործողությունները ուղղված են այն թիրախներին և միջոցներին, որոնք հանդիսանում են Իրանի ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների աղբյուր կամ օգտագործվում են նման նպատակների համար։ Տարածաշրջանի երկրները, անկասկած, արդեն գիտակցել են, որ իրենց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանի անվտանգությանը, այլ ծառայում են միայն ի շահ սիոնիստական մանկասպան ռեժիմին և ամերիկացի ագրեսորներին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կարևորել է տարածաշրջանի երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու շարունակական զարգացումը՝ փոխադարձ հարգանքի, բարիդրացիության սկզբունքի, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա և վերահաստատում է, որ Իրանի պաշտպանական գործողությունները տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական բազաների և օբյեկտների դեմ որևէ կերպ չպետք է ընկալվեն` որպես թշնամանք տարածաշրջանի երկրների նկատմամբ»։