ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգամը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ շուրջ 100 միլիոն դոլար արժողությամբ բեռն անցյալ ուրբաթ ժամանել է Միացյալ Նահանգներ և նախատեսված է արդյունաբերական ու առևտրային օգտագործման համար:

«Մենք ստորագրել ենք կրիտիկական նշանակության և արժեքավոր օգտակար հանածոների մատակարարման առաջին լիցենզիաները։ Ուրբաթ օրը Վենեսուելայից Միացյալ Նահանգներ է ժամանել 100 միլիոն դոլարի ոսկի»,- պատմել է Բերգամը՝ ընդգծելով, որ այս մատակարարումը երկու երկրների հարաբերությունների վերջին կարգավորման ամենանշանակալի ձեռքբերումներից է։

Նա նաև շեշտել է Վենեսուելայի հանքարդյունաբերական հսկայական ներուժը՝ երկրի ոսկու պաշարները գնահատելով գրեթե 500 միլիարդ դոլար: Բացի թանկարժեք մետաղից, ԱՄՆ ներքին գործերի նախարարը հիշատակել է նաև այլ ռազմավարական պաշարներ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն պաշտպանական, տեխնոլոգիական և սպառողական արդյունաբերության համար։

Պաշտոնյան հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունների ղեկավարների շրջանում մեծ ոգևորություն կա Վենեսուելայի նոր ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի գլխավորած կառավարության իրականացրած օրենսդրական փոփոխություններից հետո:

Ըստ Բերգամի, էներգետիկ ներկայիս բարեփոխումը և հանքարդյունաբերության ոլորտի սպասվող օրենսդրությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել վենեսուելական շուկա օտարերկրյա կապիտալի վերադարձի համար:

Նախարարը, որը վերջերս Կարակասում հանդիպել էր ամերիկյան նավթային ու հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը: Նա նշել է, որ Վենեսուելայի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությունը հիմք է նախապատրաստում «առատության ոսկե դարաշրջանի» համար, որը հիմնված է ընդհանուր ռազմավարական պաշարների հասանելիության վրա։

«Նախագահ Թրամփը խոստացել է առատության ոսկե դարաշրջան, և ի՞նչն ավելի լավ կլինի, քան այն սկսել Վենեսուելայից ոսկու սալիկների տեսքով առաջին կենսական հանածոների ժամանմամբ»,- ասել է Բերգամը:

Պաշտոնյան ընդգծել է, որ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդումը նշանավորում է երկու երկրների տնտեսական աճի փուլի մեկնարկը՝ օգտագործելով Վենեսուելայի խորհրդարանի հաստատած բարեփոխումները միջազգային ներդրումներ ներգրավելու և պաշտպանելու համար: