«Մեր ձևով» շարժումն այսօր ընդդիմադիր դաշտում առաջատար ուժ է։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային սահմանադրական» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանը։
«Ակնհայտ է, որ «Մեր ձևով» շարժումը ընդդիմադիր դաշտում առաջատար է և հետևաբար, լուրջ այլընտրանքային տարբերակ է իշխանությանը։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ։ Կա երկու հնարավոր սցենար։ Առաջինը, որը քիչ հավանական է, բայց ոչ անհնար, այն է, որ այս ընտրություններով Փաշինյանն իշխանությունը հանձնում է «Մեր ձևովին» և քաղաքականությունից հեռանում, իբրև մարդկության պատմության մեջ ամենահզոր քաղաքական գործիչ։ Բայց, կրկին, ինչպես արդեն ասացի, դա քիչ հավանական է, թեև շանսերը, այնուամենայնիվ, զրոյական չեն։ Երկրորդ տարբերակն այն է, որ Փաշինյանը տեսնելով թե ինչպես է ընդդիմադիր հատվածը կոնսոլիդացվում Փաշինյանի շուրջը՝ մաքսիմալ կանսոլիդացումից առաջ անհրաժեշտ քայլ կատարի՝ չգրանցի այդ կուսակցությանը կամ մայիսի 15-ին կամ 20-ին հանի ընտրապայքարից․․․ արդյունքում, «Մեր ձևով» շարժումը չի հասնի հունիսի 7-ին»,- պարզաբանել է Աղազարյանը։
Վերջին սցենարը պատգամավորը համեմատել է այսպես կոչված «մոլդովական սցենարի» հետ։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ հիմքերով Հայաստանի վարչապետը կարող է թույլ չտալ քաղաքական ուժին մասնակցել ընտրություններին, պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը դժվարանա հիմքեր գտնել, ապա ինքնը անձամբ դրանք նրան կտրամադրի։ Հավելելով, որ եթե նա խնդիրներ ունենա այդ հիմքերի որոնման հարցում, ապա Հայաստանի քաղաքական դաշտը կամայանա։





























