Նախընտրական շրջան է, իշանությունները վստահ եմ՝ տեղյակ են, որ հասարակության մեծ մասը Վեհափառին աջակցում է և տեսնում են, որ հակաեկեղեցական այս շարժման ընթացքում իրենք ձայներ են կորցնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը, կարծես, հետ է կանգնել Եկեղեցու դեմ ուղղված քայլերից։
«Հասարակությունը դրան ընդդիմանում է, և հասկանում են, որ այս շրջանում, եթե ուզում են վերարտադրվել, պիտի խուսափեն եկեղեցու հասցեին քննադատական արտահայտություններ անելուց։ Հուսով ենք՝ դա մշտական դադար կլինի, հունիսի 7-ից հետո կունենանք այնպիսի իշխանություններ, որոնք աստվածասեր, եկեղեցասեր, հայրենասեր կլինեն և նաև Մայր Աթոռի հետ էլ ջերմ հարաբերություններ կունենան և կհամագործակցեն ազգային, հոգևոր, մշակութային հարցերում։
Ես կուզեմ, որ միասնականություն լինի մեր եկեղեցում, որովհետև միասնականությամբ է, որ բոլոր բարիքները ստանում ենք։ Որտեղ սեր, միաբանություն կա, այնտեղ աստվածային շնորհներն են հանգրվանում»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք այս ընթացքում Եկեղեցին ինչ-որ բաներ վերանայել է, հետևություններ է արել, Տեր Վրթանեսը պատասխանեց. «Հիմա Պահքի շրջանն է, Եկեղեցին ինքը ինքնամաքրվող կառույց է, այն բոլոր խնդիրները, թերությունները, որ ժամանակի ընթացքում մեր եկեղեցում ի հայտ են գալիս, մենք եկեղեցականներով, նաև հավատացյալ ժողովուրդը, փորձում ենք ապաշխարության միջոցով դրանցից մաքրվել։ Եկեղեցին ինքը մշտանորոգ կառույց է, և այս շրջանում նաև ունեցած խնդիրները, թերությունները, մեր բացթողումները փորձում ենք մենք լրացնել և ավելի միասնական լինել, փորձենք առաջիկայում եկեղեցու առջև ծառացած խնդիրները պատշաճ կերպով լուծել։ Փառք Աստծո, նաև այս ընթացքում մենք տեսանք որ եկեղեցականների հիմնական մասը ունեն նույն տեսիլքը եկեղեցու, ազգի ապագայի հետ կապված»։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած եպիսկոպոսներին, և եթե նրանք փոշմանեն, արդյոք Վեհափառը կընդունի նրանց ներողությունը, Տեր Վրթանեսն ասաց. «Վեհափառը սիրող հայր է հոգատար է, կարեկից է, զղջացողի մեղքը ընդունող է, և կարծում ենք, եթե նման իրավիճակներ լինեն, Վեհափառը կարող է այդ իրավիճակներում էլ իր հայրական մեծահոգությունը ցուցաբերել բոլորի նկատմամբ, ինչպես տարիներ շարունակ ցուցաբերել է:
Ես կարծում եմ՝ իրենք պիտի այդ վիճակում չհայտնվեին, որովհետև շատ ցավալի, ծանր վիճակ է: Հոգևորականը պիտի իր կոչումին հավատարիմ, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին, Վեհափառ Հայրապետին տված ուխտին հավատարիմ, պետք է իր ողջ կյանքում ծառայի, և եթե այսպիսի սայթաքումներ էլ լինում են, պիտի ժամանակին զղջումով վերադառնան Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին, որտեղ իրենց երկնավոր հայրը իրենց սպասում է և կարող է իրենց մեղքերին թողություն տալ»։





























