Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բյուջեի փոփոխությունների շրջանակում, նախատեսում է «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ֆինանսավորումն ավելացնել 1 միլիարդ 700 միլիոն դրամով։ Այս մասին մարտի 12-ին կայացած Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղվելու են 2026 թվականի մայիսի 1-ից մանկապարտեզների հաստիքացուցակների դրույքաչափերի բարձրացմանը՝ միանգամից 15-20%-ով։

««Նախադպրոցական հաստատությունների կառուցում և նորոգում» ծրագրով նախատեսվում է 286 միլիոն 458 հազար դրամ հատկացնել։ Այս միջոցները կուղղվեն Նոր Նորք վարչական շրջանում գտնվող թիվ 99 մսուր-մանկապարտեզի, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 95 և 97 մանկապարտեզների բակերի բարեկարգմանը», - ասել է Ավետսիյանը։

Իսկ «Հանրակրթական հաստատությունների հիմնանորոգում և ընթացիկ նորոգում» ծրագրով նախատեսվում է հատկացնել 207 միլիոն դրամ։ Միջոցները կուղղվեն երևանյան դպրոցներից մեկի տարածքում թենիսի կորտերի և բասկետբոլի հրապարակի կառուցմանը: