Միջազգային հանրությունը, ցավոք, իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է ոչ թե կենսունակ ժողովրդավարության պահպանման, այլ այս կամ այն ընտրություններում ցանկալի թեկնածուների և քաղաքական ուժերի հաղթանակն ապահովելու վրա։ Ընդ որում՝ լինեն դրանք «արևմտամետ», թե «ռուսամետ» ուժեր։ Այս մասին մարտի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է «International Observatory for Democracy in Armenia» (IODA) նախաձեռնության անդամ Ֆիլիպ Քալֆայանը։
Նա տեղեկացրել է, որ Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունների, Սահմանադրական դատարանի, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել իրենց պատվիրակության հետ։
Նախնական զեկույցում մատնանշված հիմնական խնդիրների թվում նշվում են.
քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները և կալանավորումները, ներառյալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին, Միքայել Աջապահյանին, Արշակ Խաչատրյանին և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Առանձին դեպքերում, ըստ դիտորդների տվյալների, բերման ենթարկելն ուղեկցվել է Ոստիկանության կողմից ուժի կոպիտ ու անհամաչափ կիրառմամբ, ինչպես նաև երկարատև նախնական կալանքով,
դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձերը, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ենթադրաբար քաղաքական պատճառներով,
Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածների չափազանց մեծ կիրառումը, որոնք անորոշ ձևակերպումներ ունեն, օրինակ՝ «խուլիգանություն» կամ «Կառավարության տապալման կոչեր», որոնք ուղղված են պատգամավորների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդմանը,
դատական համակարգի և քաղաքական ընդդիմախոսների դեմ ուժային կառույցների օգտագործումը,
IODA-ի պատվիրակությունը մարտի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում եղել է Հայաստանում։ Նախնական գնահատականը պատրաստվել է երկրի քաղաքական և հասարակական կյանքի տարբեր դերակատարների՝ քաղաքական կուսակցությունների, հոգևորականության, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրությունների արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների հիման վրա։ Առաքելության կազմում են եղել Քենեթ Ռոթը, Ֆիլիպ Քալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը և Մարկ Ջոնսը։
IODA-ն անկախ և ապակուսակցական նախաձեռնություն է, որն ստեղծվել է 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը մոնիթորինգի ենթարկելու նպատակով։ Կազմակերպությունում ընդգծում են, որ այն կապված չէ որևէ կառավարության կամ միջազգային կառույցի հետ և բաղկացած է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից։





























