Մի քանի ամսում Նուբարաշենի աղբավայրը բերել ենք կառավարելի վիճակի։ Այժմ կարող ենք վստահությամբ ասել, որ այնտեղ հրդեհների վտանգը զգալիորեն նվազել է։ Այս մասին Երևանի ավագանու նիստում մարտի 12-ին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Խոսելով կանաչապատման մասին՝ նա, մասնավորապես, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին քաղաքում 25 հազար թանկարժեք ծառեր է տնկել՝ ոռոգման սեփական համակարգերով։ Այնուհետև քաղաքապետը դիմել է Երևանի ավագանու անդամ հանդիսացող ընդդիմության ներկայացուցիչներին։

«25000 կենսունակ ծառեր ենք տնկել Երևան քաղաքում։ Լավ էդ մանիպուլյացիան ինչքան պիտի անեք, էդ սուտը, էդ ստի միջավայրում։ Դուք չեք զգում, որ կամաց-կամաց մարդիկ տեղեկանում են ու ասում են լավ էս հիմարություն էր, էս իրականությանը չէր համապատասխանում, էս մեկն էլ էր սուտ», - ասել է Ավինյանը, ասել է Ավինյանը՝ դիմելով ընդդիմությանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության համար չափազանց ցավալի է լսել և արձանագրել այս ամենը։

«Այո, մեր աշխատանքների ծավալը շատ մեծ է, շատ տեղեր մենք հաջողել ենք, ինչ-որ տեղեր դանդաղում ենք, ինչ-որ տեղեր ունենք պրոբլեմներ, բայց հարցը միայն քաղաքային խնդիրները չեն, հարցը քաղաքական է և հունիսի 7-ին երևանցիներն ու ՀՀ ժողովուրդը բոլոր օլիգարխներին և նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը», — ասել է Ավինյանը։