Կանադայի Հայ դատի գրասենյակը պաշտպանում է կանադացի պատգամավոր Ջիմ Կարիյանիսի` Թուրքիայում Կանադայի դեսպան Մարկ Բեյլիի գործողությունները հետաքննելու մասին կոչը, հաղորդում է «Asbarez»-ը:
Դեսպան Բեյլին 2011թ. մարտին հանդիպել է սենատոր Նենսի Ռութի հետ, եւ համաձայն սենատորի հաշվետվության, խնդրել է աշխատել մյուս սենատորների հետ` «Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ ելույթներին վերջ դնելու համար», քանի որ դրանք «խոչընդոտում են Կանադայի եւ Թուրքիայի հարաբերություններին»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Սենատի, Համայնքների պալատի եւ Կանադայի կառավարության կողմից որպես պատմական իրողություն եւ անպատիժ մնացած հանցագործություն:
Կանադայի Հայ դատի գրասենյակը ԱԳՆ-ին կոչ է անում երաշխավորել, որպեսզի կանադացի բոլոր դիվանագետներն իմանան Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչպես նաեւ դիվանագետներին հորդորել պայքարել Ցեղասպանության ժխտողականության դեմ:




























