Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն գյուղում պուրակ կառուցելու հաղթած առաջարկի հեղինակ Ատոմ Մխիթարյանն անհագստացած է․ համայնքապետարանն առանց իր հետ կապ հաստատելու իր նախագծի վերաբերյալ «հանրային լսումներ» է կազմակերպել ու որոշել տեղափոխել պուրակի տեղը` առանց համաձայնեցման խմբագրելով ներկայացված առաջարկը։ Ծրագիրն իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում, որը նպատակ ունի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների որոշակի աջակցությամբ և բնակիչների ներգրավմամբ լուծել համայնքային խնդիրները։
Ատոմ Մխիթարյանը, որ ծնունդով Ջրաշենից է, արդեն տասը տարի գյուղում տարատեսակ բացօթյա մշակութային միջոցառումներ է կազմակերպում՝ համագործակցելով Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հետ։ Նա առաջարկել է հիմնել «Վարդանանց պուրակ»՝ ամֆիթատրոնով և բեմահարթակով, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ներգրավելով համայնքում գործող երգի-պարի խմբերին, դպրոցականներին։ Նախագիծը spitak.am հարթակում քվեարկության արդյունքում ստացել է շուրջ 1200 բնակչի աջակցություն և դրական մեծ արձագանք։ Սակայն, ըստ Ատոմ Մխիթարյանի, հաղթանակից հետո համայնքապետարանն իրեն մեկուսացրել է գործընթացից. «Ինձ չեն տեղեկացրել հանրային լսումների մասին։ Ստացվում է՝ գաղափարը վերցրել են, գուցե արդեն անցել են իրականացման փուլ՝ առանց հեղինակին տեղեկացնելու։ Շատերն ասում են, որ սա նման է գաղափարի գողության»,- նշում է նա։ Ատոմ Մխիթարյանին հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ առանց իր գիտության փոփոխվել է պուրակի կառուցման համար առաջարկված վայրը։ Նա մտավախություն ունի, որ ծրագրի բովանդակային կողմը ևս կարող է խաթարվել։ Հիմա պետք է սկսվի իրականացման փուլը, սակայն թե ի՞նչ տեսքով կիրականացվի, որտե՞ղ կկառուցվի, հեղինակը տեղյակ չէ։

«Ես որևէ սահմանափակում չունեմ, ամեն ինչ արվում է համայնքի համար, բայց մարդկային առումով ճիշտ չէ հաշվի չառնել հեղինակի կարծիքը։ Կարող էին գոնե զանգով տեղեկացնել, առավել ևս, որ իմ տվյալները կայքում առկա են։ Հանրային քննարկումները նրա համար են, որպեսզի ավելի հարստացվի գաղափարը, համապատասխանի մարդկանց կարիքներին։ Նոր առաջարկների մասին նախագծի հեղինակին չտեղեկացնելը, նրա կարծիքը հաշվի չառնելը, ինձ թվում է անթույլատրելի է»,- ասում է Ատոմ Մխիթարյանը՝ չբացառելով, որ իր մեկուսացումը կարող է ունենալ նաև քաղաքական դրդապատճառներ, քանի որ ինքը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ակտիվ անդամ է։ «Հույս ունեմ, որ տեղական պաշտոնյաները կհաղթահարեն իրենց վախերը և, ինչպես նախատեսված է Մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով, իրականացման փուլում հեղինակին կներգրավեն ծրագրի մոնիտորինգի գործընթացում»,- լրացնում է Մխիթարյանը։
Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա տեղի ունեցած գործընթացը եղել է օրենքի և սահմանված կարգի շրջանակներում։ Ըստ նրա՝ համակարգն ավտոմատ ծանուցում է ուղարկում առաջարկի հեղինակին նախնական փուլն անցնելու մասին, իսկ հանրային լսումների հայտարարությունը եղել է բաց և հասանելի բոլորին։ Ինչ վերաբերում է պուրակի կառուցման համար առաջարկված տարածքի փոփոխությանը, ապա համայնքապետարանը հաշվի է առել բնակիչների առաջարկն ու դիրքորոշումը։ «Հեղինակի առաջարկած տարածքում նախկինում եղել է երկրաշարժի ժամանակ քանդված դպրոցն ու մանկապարտեզը։ Բնակիչների 90%-ը դեմ է եղել այդտեղ շինարարություն անելուն։ Լսումների ժամանակ, որին մասնակցել են համայնքի բնակիչների մեծամասնությունը, որոշվել է պուրակը կառուցել նոր դպրոցի հետնամասում, որն ավելի հարմար է վայր է որպես գյուղի կենտրոն»,– ասում է Արտակ Մաթոսյանը։ Նրա խոսքով՝ այս փուլում ավելի շատ ձայն է ստացել մեկ այլ համայնքի առաջարկի նախագիծ։ Ըստ ընդունված կարգի՝ պետք է իրականացվի մյուս նախագիծը։ Սակայն հաշվի առնելով Ջրաշեն համայնքի բնակիչների դրական արձագանքն իրենց գյուղի պուրակի նախագծի վերաբերյալ, փորձում են միջոցներ գտնել երկու նախագծերն իրականացնելու համար։

Չնայած իր քաղաքական հայացքներին՝ Ատոմ Մխիթարյանը պատրաստակամ է համագործակցել համայնքի համար օգտակար գործ անելու նպատակով․ «Իմ հայացքները կարող են լինել ընդդիմադիր, բայց դա չպետք է խանգարի համայնքի զարգացմանը։ Ես պատրաստ եմ իմ մասնագիտական փորձը, տեղական ու միջազգային կապերն օգտագործել, որպեսզի պուրակը կառուցվի և օրինակելի դառնա այլ համայնքների համար»։
Ծրագիրը, որը ֆինանսավորվելու է պետական և տեղական բյուջեների հաշվին, պետք է ավարտվի մինչև տարեվերջ։



























