Հայաստանի ըմբշամարտի նախկին չեմպիոնը, որը բնակվում է Կոստա Մեսեում (Քալիֆորնիա), դաշնային բանտում 30 տարվա ազատազրկման է դատապարտվել գործընկերոջն առեւանգելու համար, որին առեւանգման ժամանակ պատահաբար կրակել էին, հետո ծեծել, էլեկտրական շոկի ենթարկել` զրկելով բուժօգնությունից այն նույն ժամանակ, երբ առեւանգողը 1 մլն դոլարի փրկագին էր փորձում ստանալ: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան «OC Weekly»-ն:
2009թ. հունիսի 29-ի առավոտյան Սանդրո Կարմրյանին առեւանգել էին այն շենքի ստորգետնյա ավտոտնակից, որտեղ ապրում էին նրա ծնողները: Նրա ընկերը, ով առեւանգման ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել, ինքնապաշտպանության համար վերցրել էր Կարմրյանի ատրճանակը եւ փորձել միջամտել, բայց պատահաբար կրակել էր Կարմրյանին:
Աճեմյանը եւ նրա գործընկեր Շոն Գիբսոնը Կարմրյանին հարվածել էին էլեկտրաշոկային ատրճանակով, հետո նստեցրել ավտոմեքենա: Բժշկական օգնության կարիք զգացող Կարմրյանը կապկպվել եւ ստիպված էր եղել հետագա հինգ օրերի ընթացքում աչքերը կապած անցկացնել: Նրան պահել էին Հարավային Քալիֆորնիայի տարբեր վայրերում:
Այդ ընթացքում Կարմրյանին պարբերաբար ծեծել են` հատկապես ուժեղ հարվածներ հասցնելով որովայնին: Միաժամանակ հրազենային վնասվածքից անցած ինֆեկցիան քիչ է մնացել նրա մահվան պատճառ դառնա:
Այնուամենայնիվ, նրան ստիպել են զանգահարել ընտանիքի անդամներին եւ Հարավային Քալիֆորնիայի ու Ռուսաստանի հարազատներին` 1 մլն փրկագին ստանալու նպատակով: 2009թ, օգոստոսի 3-ին Կարմրյանը կապված աչքերով գտնվել է Գիբսոնի տանը, եւ նրան հսկել են տանտերն ու երեք պիտբուլներ, իսկ Աճեմյանը եւ երրորդ հանցագործը` Սուրեն Ղարիբյանը, օգտագործել են Կարմրյանի բանկոմատի քարտը, որպեսզի նրա հաշվից կանխիկ գումար հանեն:
Ոստիկանության Լոս Անջելեսի բաժանմունքի հատուկ նշանակության ծառայողական խմբերը հանկարծակի ստուգումներ են իրականացրել, եւ բոլոր երեք առեւանգողները ձերբակալվել են: Իշխանությունները նաեւ հայտնաբերել են, որ Գիբսոնի տան ամբողջ երկրորդ հարկն օգտագործվել է մարիխուանա աճեցնելու եւ չորացնելու համար: Կարմրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մնացել էր գրեթե երկու ամիս եւ երեք վիրահատության ենթարկվել:
Նախորդ տարի Աճեմյանը եւ 33-ամյա Գիբսոնը մեղավոր էին ճանաչվել անձի առեւանգման մեջ, բացի դրանից, Գիբսոնը նաեւ մեղավոր էր ճանաչվել տանը մարիխուանա աճեցնելու համար: Նա 27 տարվա ազատազրկման էր դատապարտվել: 2010թ. ապրիլին դատարանը 34-ամյա Ղարիբյանին 17,5 տարվա ազատազրկման էր ենթարկել դաշնային բանտում: Աճեմյանին 360 ամսվա ազատազրկման ենթարկելով` դատավոր Նգույենը նշել է, որ նա «չի խոստովանել եւ չի զղջացել»:




























