ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Կալիֆոռնիայի մասնաճյուղի համագումարում Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ «Երիտթուրքեր» շուի հիմնադիրներից  Ջենք Ույգուրի ելույթը բողքի է հանդիպել: Նա հանդես է եկել Առաջադիմական խմբակցության նիստում:

Ինչպես գրում է «Asbarez»-ը, մինչ  այդ, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն եւ Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատները բողոք են ներկայացրել Դեմոկրատական կուսկացությանը` հայտնի ժխտողականին ամբիոն տրամադրելու համար:

Կուսակցության հայ եւ հույն պատվիրակները հարց են բարձրացրել Ույգուրի ծրագրի անվան վերաբերյալ` «Միություն եւ առաջընթաց», որն ակնարկում է երիտթուրքերին, որի պարագլուխներն էլ իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը:

Մտահոգութուն է հայտնվել նաեւ Ույգուրի հոդվածի առնչությամբ, որում նա  հետեւյալ հայտարարությունն է արել. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները պատմական փաստերի վրա հիմնված չեն: Եթե ուսումնասիրում ենք այդ ժամանակաշրջանի պատմությունը, ակնհայտ է դառնում, որ նման ցեղասպանություն իրականում չի եղել»:

Առաջադիմական  խմբակցության նախագահը հաստատել է իր կազմակերպության աջակցությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերին, սակայն հրաժարվել  է չեղյալ համարել Ույգուրի հետ  ելույթի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչն էլ հանգեցրել է կոլեկտիվ ցույցի եւ դժգոհության: «Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատներ», «Ամերիակայի հայ ազգային կոմիտե»,  «Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան ժողովրդավարներ», «Ամերիկայի հայկական խորհուրդ»  եւ «Սան Գաբրիելի հայ դեմոկրատներ» կազմակերպությունների ներկայացուցիչները բաժանել են Ույգուրի` որպես ժխտողականի, դիրքորոշման մասին գրականություն:

Ույգուրն սկսել է խոսքը` ասելով, թե վատ մտադրություն չի ունեցել  իր ծրագրի անվանման առումով: Նա նաեւ  հայտարարել է, թե հայերին չի ատում, եւ անգամ նրա ծրագրի վարողներից մեկը հայուհի է ` Անա Կասպարյան:

Իր նախորդ դիտողություններին անդրադառնալուց նրա հրաժարումը հայ-ամերիկյան խմբերի  բողոքն է հարուցել. ոմանք լքել են դահլիճը, իսկ ոմանք  հռետորի ելույթի ժամանակ մեջքով են շրջվել դեպի նա:

Շատ պաշտոնատար անձինք  իրենց աջակցությունն են հայտնել բողոքին,  այդ թվում` ասամբլեայի անդամ Չակ Կալդերոնը եւ կոնգրեսական Ջենիս Խանը: