Երբեմն աշխատանքային միգրանտների Հայաստան փոխանցած գումարները որակում են որպես յուրահատուկ «արտահանումից» ստացած եկամուտ: Եվ, իսկապես, մասնավոր ֆինանսական փոխանցումները գերազանցում են իրական արտահանման ցուցանիշը:
2011-ին բանկային համակարգով Հայաստան մտած ոչ առեւտրային բնույթի մասնավոր փոխանցումները հասել են 1,55 միլիրադ դոլարի, իսկ իրական արտահանումից ստացած գումարը անցած տարի կազմել է 1,33 միլիարդ դոլար:
2011-ին Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն առանց հումանիտար օգնության կազմել է ավելի քան 2,76 միլիարդ դոլար: Բանկային համակարգով իրականացրած մասնավոր փոխանցումների արտահոսքի եւ ներհոսքի դրական սալդոն գերազանցել է 1,28 միլիարդ դոլարը: Այսպիսով, նույնիսկ, Հայաստան մտած փոխանցումների հաշվարկի դեպքում արտաքին շրջանառության դեֆիցիտը կազմում է 1,48 միլիարդ դոլար:
Անցած տարի արտահանումն աճի տեմպով գերազանցել է ներմուծումը 17 տոկոս, սակայն արտաքին առեւտրի շրջանառության երկու բաղադրիչների լուրջ անհամաչափությունը պահպանվում է: Ներմուծումը կազմում է 76 տոկոս, արտահանումը` 24 տոկոս:
Բացի այդ արտահանման կառուցվածքում 80 տոկոսը կազմում են 12 ապրանքային խմբեր, մնացած 20 տոկոսի մեջ ներառված է 840 տեսակ ապրանք:
Արտահանման մեջ հսկայական բաժին ունեն պղնձի հանքանյութն ու խտանյութը, կոնյակն ու գինին, ֆեռոձուլվածքները:




























