Թերթը գրում է, որ «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը, ով մեղադրվում է 184 միլիոն դրամ հափշտակելու եւ յուրացնելու մեջ, կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի: «Նա սրտի լուրջ վիրահատություն է տարել եւ էդ պայմաններում չէր կարելի կալանավորել: Ամեն անգամ նրան այցելելուց տեսնում ենք, որ բավականին լուրջ պրոբլեմներ ունի` կապտած է, երկար չի կարողանում աշխատել մեզ հետ»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

Ինչ վերաբերում է այս գործով մյուս կասկածյալ ՀԱԿ առաջնորդի մամլո խոսնակի եղբոր` Վահան Մուսինյանին, ով հետախուզման մեջ է, Հայկ Ալումյանն ասաց, «մենք նրա հետ ոչ մի կոնտակտ չունենք, ինքը ոնց որ թե չկա»:

Ըստ փաստաբանի` իրենք ունեն բոլոր ապացույցները, որ Տիգրան Հակոբյանը յուրացումներ չի կատարել, եւ գումարային յուրաքանչյուր տեղաշարժի վերաբերյալ փաստաթղթեր կան: Նա նշել է, որ Տիգրանի մասով շուտով ամեն ինչ պարզ կլինի, սակայն չի բացառվում, որ գործի քննությունը կձգձգվի` կապված Վահան Մուսինյանի հետախուզման մեջ լինելու պատճառով»,- գրում է «Երկիր»-ը: